Ի՞նչ անել Եթե ականատես եք դարձել
կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի
Հարգելի Երևանցիներ
Եթե ականատես եք դարձել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի
-
Զանգահարեք ոստիկանություն՝ 1-02
-
Հավաքեք վկաների
-
Տեսանկարահանեք կամ լուսանկարեք դեպքը
-
Հանցագործության վայրի ոստիկանության բաժանմունքում դիմում գրեք
-
Դիմումի մեջ նշեք այն բոլոր ապացույցները, որոնք դուք ունեք և կցեք դրանք դիմումին։ Օրինակ՝ տեսա/լուսանկարահանում, անասնաբույժի եզրակացություն։
Հիշե՛ք՝ մեր երկրում գործում է տնային կենդանիների և թափառող կենդանիների կյանքը պաշտպանող նորմ (ՀՀ Քրեական օրենսգիրք, Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք)
Եթե անձը ներկայանում է որպես քաղաքապետարանի/ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի աշխատակից ՝ նույնպես ամեն ինչ ձայնագրել, նկարահանել, հարցնել անունը և զանգահարել ՀՈԱԿ՝ (011) 514539, անպայման տեղեկացնել ինչ են անում, ում կարգադրանքով, ինչպիսի գործառույթ են իրականացնում։
Համագործակցության
Առաջարկ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին,
Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանին,
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանին,
Համագործակցության առաջարկ
«Քաղաքը կենդանիների համար» ծրագիրը բակերում ապրող կենդանիներին փողոցային պայմաններում կամավորների օգնությամբ նվազագույն անհրաժեշտ խնամքի ապահովմամբ պահելու հնարավորություն է։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, մի կողմից, նմանօրինակներ չկան, իսկ մյուս կողմից՝ նմանատիպ փորձ իրականացվել է Շրի Լանկայում՝ մի ամերիկյան կազմակերպության հովանավորությամբ։ Ինչ-որ չափով, շատ հետաքրքիր հատվածներ իրականացվում են, օրինակ Հարավային Եվրոպայի որոշ քաղաքներում և անգամ Թուրքիայում: Մենք կարող ենք գոնե Թուրքիայից հետ չընկնել, նույնիսկ առաջարկել ավելի հետաքրքիր նախագծեր: Դա շատ մեծ նշանակություն կարող է ունենալ ՀՀ-ի կենդանասեր հանրության համար, որն այս պահին կազմում է մոտավորապես 100 000 քաղաքացի: Նախագիծը պայմանականորեն անվանենք «քաղաքը նաև կենդանիների համար»։ Սա այնպիսի նախագիծ է, որը ենթադրում է բակերում թափառող կենդանիներին պահող կամավորների յուրօրինակ ցանց, որը սփռված է բակերում և պուրակներում, որտեղ ապրում են թափառող կատուներ և շներ (բներ, հարմարեցված տարածքներ, երբեմն ցանկապատված, կամ՝ ոչ, նկուղներ կամ տանիքներ/վերնահարկեր, լքված շինություններ, որոնք առավելագույն կերպով մոտ են բնական պայմաններին, որոնք այնուամենայնիվ ադապտացվում են թափառող կենդանիների կարիքներին՝ տեղի կամավորների օգնությամբ: Փաստորեն, կարիք չկա գումար ծախսել հատուկ շինությունների, սպասարկման, մաքրման, կերակրման, բուժման, նույնիսկ աշխատողների աշխատավարձերի վրա. այս ամենը կամավորները կկատարեն տեղում և կամավոր, կամ այլ հովանավորների հաշվին։ Միակ բանը, որ կպահանջվի քաղաքապետարանից, հիմնական ընթացակարգի օրինական գրանցումն է։ Կամավորները պետք է հստակ համաձայնություն ունենան փոխադարձ իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ, որը կամրագրվի համաձայնագրով/պայմանագրով։ Ծրագիրը կարող է իրականացվել հատվածաբար, այսինքն այն բակերում, որտեղ կլինի դրա կարիքը և հնարավորությունը. այսինքն որտեղ կլինեն կամավորներ, ովքեր կցանկանան ներգրավվել նման նախագծում: Բայց միևնույն ժամանակ այն ի սկզբանե կարող է կենտրոնացվել քաղաքապետարանում։ Նույնիսկ ՀՈԱԿ-ում ը կարող է կենտրոնացվել տեսահսկման համակարգ:
«Արևը բոլորինն է» էկոսոցիալական ՀԿ-ն իրականացնում է «Բակ-համայնք-էկոհամակարգ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել բակերում թափառող կենդանիների խնամքով զբաղվող կամավորների ցանց. կազմակերպել բակերի կամավորներին, ձևավորել թափառող և/կամ բակային կենդանիների հանդեպ խնամքի համայնքային մշակույթ և համայնքային էկոհամակարգ: Ծրագրի թիրախներից են պիլոտային մի շարք բակերում կենդանիներին խնամող կամավորները, ում հետ աշխատում ենք ծրագրի ընթացքում:
Ծրագրի արդյունքները կարող են ստեղծել հնարավորություն՝ նմանատիպ ծրագրեր իրականացնել Երևանի բակերում քաղաքապետարանի աջակցությամբ: Պիլոտային բակերում ծրագրի ներդնումը կօգնի բացահայտել հնարավոր մարտահրավերները, առավել արդյունավետ ծախսել առկա ռեսուրսները, ճշգրտել աշխատանքային համագորածակցության շրջանակները քաղաքային իշխանությունների հետ մինչև այն հնարավոր լինի կիրառելի դարձնել ամբողջ քաղաքում:
Մեր առաջարկությունների առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս ստեղծել կամավորական ցանցային կառույցներ բակերում, այլ նաև նախատեսում է խնդրի «բյուջետային» լուծում, ի լրումն քաղաքում գործարկված ստերջացման ծրագրի, այն է՝ օգնել քաղաքապետարանին, օգնել ՀՈԱԿ-ին թափառող կենդանիների խնդիրը լուծելուն, համագործակցության շրջանակներ սահմանելու միջոցով:
Մեր կազմակերպությունը մի շարք պիլոտային բակերում փորձում է իրականացնել այն, ինչ մենք հետագայում առաջարկում ենք քաղաքապետարանին իրականացնել ամբողջ քաղաքում: Բայց արդեն պիլոտային բակերում անհրաժեշտ կլինի քաղաքապետարանի աջակցությունը՝ շների և կատուների համար տնակներ կառուցելու, տեսահսկման համակարգ տեղադրելու, այս բակերում կամավորական ցանցի գրանցման, դրանց ստեղծման ընթացակարգի ներդրման, բնակչությանը իրազեկելու և այլ հարցերում։
Դիմում ենք խնդրանքով քաղաքապետարանին՝ ի դեմս ՀՈԱԿ-ի
1. Իրազեկել համատիրության նախագահին և շենքերի լիազորներին (ցանկալի է՝ գրավոր), որպեսզի հնարավորությունների սահմաններում աջակցեն կամ գոնե չխոչընդոտեն ծրագրի իրականացմանը:
2. Չխոչընդոտել կամավորների կողմից թափառող կենդանիների համար խնամքի միջոցառումների ապահովմանը,
3. Բակային տարածքների հարմարեցում, նկուղների օդափոխիչ պատուհանների ճաղավանդակների չափերի հարմարեցում կատուների համար անցնելու պայմանով (որպես օրինակ կարելի է դիտարկել Մոսկվայի դեպքը նույն խնդրի վերաբերյալ․ տես օրինակ՝ https://www.asi.org.ru/news/2020/09/10/moskva-na-storone-koshek/?fbclid=IwAR2MufYYX7YXpFfSFJCj7Z3nKUhVePH9RWi4jFQ7p_3C61R1X9gCbZpcrJY ):
4․ Նախատեսել կամավորների գրանցման ընթացակարգ, որը թույլ կտա քարտեզագրել տարբեր տարածքներում բնակվող կամավորներին, նրանց հետ ապահովել հաղորդակցում, անհրաժեշտության դեպքում տեղեկատվության փոխանակում։
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով,
Լալա Պողոսյան
«Արեվը բոլորինն է» սոցիոէկոլոգիական ՀԿ Նախագահ,
ՀՀ, քաղաք Երևան, 0070, Քաջազնունու փողոց 4Ա, բնակարան 21
Հեռ.՝ (+374 93) 937673
Էլ-փոստ՝ l_365@mail.ru